Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ հարակից օրենսդրական նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում առանձին հարցերի շուրջ շարունակվել են մասնագիտական քննարկումները, այդ թվում՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի նախաձեռնությամբ: Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել եկամտային հարկի համահաթեցման, ֆինանսավարկային հատվածի կազմակերպությունների լիցենզավորման համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերի վերանայման հարցերին:
Փոխնախարարը ներկայացրել է համատեղ աշխատանքի արդյունքում իրականացված հիմնական փոփոխությունները:
Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Նա նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում բարելավվել է Հարկային օրենսգիրքը: