Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիոպումը Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուի հետ:
Լի Սյեն Լունը կարևորել է փոխգործակցությունը տնտեսության ոլորտում, ընդգծել առևտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման, առևտրաշրջանառության ծավալների ավելացման, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ավիացիայի և այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը և Լի Սյեն Լուն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրմանը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նույնպես նոր թափ կհաղորդի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
Երկու երկրների վարչապետերն ընդգծել են տնտեսական համագործակցության մեծ ներուժի առկայության փաստը և նշել, որ դրա իրացման ուղղությամբ քայլերը պետք է ակտիվորեն շարունակվեն:
Միաժամանակ, զբոսաշրջության ոլորտում կապերի ընդլայնման առումով կողմերը պայմանավորվել են Սինգապուրում անցկացնել Հայաստանի մշակույթի օրեր:
Հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի կառավարությունների միջև ստորագրվել են տարբեր ոլորտներում համագործակցության մի քանի փաստաթղթեր:
Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրվել է եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Սինգապուրի Հանրապետության զբոսաշրջության խորհրդի միջև ստորագրվել է զբոսաշրջության բնագավառում համագործակցության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիր:
Նյութի սկզբնաղբյուրը` այստեղ: