Մրցակցությունը, մենաշնորհը և պետության դերը

Սիլվեստեր Փեթրո (արտատպվում է The Freeman պարբերականի 1974թ. փետրվարյան համարից)

 

 

Մոնոպոլիաների հրատապ խնդիրը, որին մարդկությունն այժմ պիտի դիմագրավի, ծագել է ոչ թե շուկայական տնտեսության գործունեության, այլ զանազան կառավարությունների նպատակադիր քայլերի արդյունքում։ Դա կապիտալիզմին ներհատուկ չարիքներից չէ եւս, ինչպես դեմագոգներն են շեփորահարում, այլ հակառակը՝ կապիտալիզմին միանգամայն ներհակ եւ դրա աշխատանքը վնասելուն ու կործանելուն ուղղված քաղաքականության արգասիքը։

Լուդվիգ ֆոն Միզես, «Մարդկային գործունեությունը»

 

 

Ազատ հասարակության մեջ կառավարության գործն է պահպանել խաղաղությունը, պաշտպանել մասնավոր սեփականությունը եւ ապահովել պայմանագրերի կատարումը։ Այս ամենը կառավարությունը պետք է անի արդյունավետորեն եւ առանց որեւէ այլ բանով զբաղվելու, այլապես բացակա կլինեն հասարակության մեջ անձի ազատության ապահովման համար անհրաժեշտ պայմանները։ Մեզ՝ մահկանացուներիս, հայտնի չէ՝ ազատ հասարակության հնարավո՞ր է առհասարակ հասնել, թե՞ ոչ. դրա վերաբերյալ մեր գիտելիքը չափազանց սահմանափակ է։

 

Մի բան, սակայն, հայտնի է. ազատ հասարակություն երբեք չի կարող լինել, քանի դեռ գոնե դրա քարոզիչներն ըստ ամենայնի չեն իմաստավորել այդպիսինի գոյության համար անհրաժեշտ պայմանները։ Նրանք են, որ պետք է մշտապես աչալուրջ հսկեն՝ դիմագրավելու դրա իրագործումը վտանգել կարող նոր շարժումներին, գաղափարներին ու սկզբունքներին։ Մյուս կողմից, նրանք պետք է հստակորեն իրազեկ լինեն առկա բոլոր խոչընդոտների մասին, որպեսզի խելամտորեն կարողանան իրենց եռանդն ուղղորդել գոյություն ունեցող թերությունների պատճառների վերացմանը։

 

Մտահոգ տագնապով, ուստի, ստորեւ հանձն են առնում պնդել, որ պետությունը պետք է դադարեցնի հակատրեստային (հակամենաշնորհային) օրենքների գործադրման միջոցով մրցակցությունը խթանելու պրակտիկան, թեեւ (ու հատկապես երբ) ազատ հասարակության որոշ կողմնակիցներ անգամ հավատացած են, թե այդօրինակ օրենքների ջանադիր կիրառումը բացարձակ անհրաժեշտություն է։ Այնինչ, հակատրեստային օրենքները հակասում են ազատ հասարակության, մասնավոր սեփականության եւ պայմանագրեր կնքելու իրավունքի հիմնարար սկզբունքներին, քանի որ երբեմն զրկում են անհատին մասնավոր սեփականությունից եւ օրենքից դուրս հայտարարում որոշ պայմանագրեր, որոնք այլապես վավեր կլինեին։ Ավելին, դրանք կառավարության դերակատարությունն ընդարձակում են ազատ հասարակության տեսությամբ նախատեսվածից անդին՝ չգիտակցելով, որ դրանով եզրակացնել են տալիս, իբր հիմնարար այս տեսությունն ինքնահակասական է։ Պատճառն այն է, որ հակատրեստային քաղաքականությունն անուղղակիորեն ընդունում է մարքսյան այն նախադրյալը, ըստ որի՝ չմիջամտելու սկզբունքի վրա հիմնված լեսե-ֆեր տնտեսությունը աներկբա կերպով հանգեցնում է մրցակցության քայքայմանը եւ չարաշահող մենաշնորհի ձեւավորմանը։ Եւ վերջապես, ինչը սույն հոդվածի գուցե ամենահրատապ պատճառն է, հակատրեստային օրենքները, փորձելով խթանել մրցակցությունը, իրականում թերեւս փաստացի արգելափակում են այն։

 

Անստույգ եւ անորոշ օրենքներ

 

Հակատրեստային օրենքների ամենատարրական չարիքներից մեկը դրանց կիրառման անորոշ եւ անստույգ բնույթն է, որը մինչ օրս հիմնականում շփոթություն է ծնել։ Յոթանասունից ավելի տարի առաջ հակատրեստային օրենքներն արգելեցին Great Northern Railway եւ Northern Pacific ընկերությունների միաձուլումը, թեպետ նրանց երկաթգծերի մի փոքր հատվածն էր միայն համընկնում մրցակցային տիրույթում։ Մի քանի տարի չանցած, սակայն, United States Steel ընկերությանը թույլ տրվեց ընդհանուր կառավարող մարմնի ներքո կենտրոնացնել երկրի պողպատի արտադրության հսկայական մասը։

 

Դրանից հետո բոլորս ականատես եղանք միաձուլումների դեմ եւս մի խրախճանքի. արդյունքում Bethlehem Steel եւ Youngstown Sheet & Tube ընկերություններին արգելվեց ավելի նեղ ընդգրկմամբ իրականացնել այն, ինչ United States Steel-ը իրագործեց խոշոր մասշտաբով։ Socony եւ մյուս ինտեգրացված նավթարդյունահանող ընկերություններին հայտարարվեց, որ նրանք չեն կարող ավելցուկային նավթ ձեռք բերել մրցակցային շուկայում ձեւավորված գնով։ Մինչդեռ, դրանից տառացիորեն մի քանի տարի առաջ Appalachian Coals Association ընկերությանը թույլ էր տրվել ասպարեզ մտնել՝ իբրեւ ամբողջ տարածաշրջանի ածխի արտադրության մեծագույն մասի բացառիկ առեւտրային գործակալ։

 

Քառասուն տարի շարունակ Du Pont ընկերության նախահայեցողությունը, խիզախումն ու կապիտալը որոշիչ դեր ունեցան General Motors վիթխարի արտադրական համալիրի զարգացման գործում։ Եւ ահա նույն այդ ընկերությանը հրամայվեց ազատվել General Motors ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթից՝ պատճառաբանելով դա երկու ընկերությունների միջեւ վաճառող-գնորդ փոխհարաբերությամբ, որն իրականում համեմատաբար աննշան էր։

 

Տեղն է սուղ, այլապես կարելի էր ներկայացնել հակատրեստային հրաբխի անկանխատեսելի ժայթքումների հակասական եւ անարդար հետեւանքների գրեթե անվերջ մի ցանկ։ Շերմանի օրենքի ենթադրյալ մրցակցային քաղաքականությունը ներկայումս ասես ծաղրի է ենթարկվում հակատրեստային օրենքների ակնհայտ հակամրցակցային բաղադրիչների՝ Ռոբինսոն-Փաթմանի ակտի (Robinson-Patman Act) եւ արդար առեւտրի օրենքների իսկ կողմից։

 

Այսպիսով, ուշադիր եւ անաչառ դիտորդի հայացքին հակատրեստային օրենքները պատկերանում են ավելի իբրեւ շփոթության, քան «տնտեսական ազատության» խարտիա, որպիսին այն կոչում են հռետորները։ Դրանք այնպես են խեղաթյուրվել քաղաքական այլեւայլ քմայքներից (որոնց հանդեպ խոցելի են սեփական անստուգության իսկ պատճառով), որ վերածվել են անարգանքի՝ ուղղված այն գաղափարի դեմ, ըստ որի՝ օրենքը պիտի հավասար կիրառվի բոլորի նկատմամբ։ Նշված հետեւանքները ոմանք գուցե համարեն գերազանցապես ողջունելի ծրագրի առանձին ցավալի դեպքեր։ Այնուամենայնիվ, մենք պետք է շարունակ վերհիշենք, որ օրենքը ստեղծված է ի շահ քաղաքացիների, այլ ոչ՝ որ ծաղրի ենթարկվի իրավաբանների եւ պետության ձեռքերում։ Օրենքի գլխավոր գործառույթն է սահմանել եւ ապահովել խաղի հստակ ու ողջամիտ կանոններ, որպեսզի մարդիկ իրենց գործին հետամուտ լինեն նվազագույն երկբայությամբ եւ անորոշությամբ։

 

Կյանքի արդեն իսկ առկա անորոշությունները ավելի եւս խորացնելով հանդերձ՝ հակատրեստային օրենքները, ի հեճուկս խանդավառ տրեստբաստերների (մենաշնորհ քանդողների) պնդումների, չեն կարող ակնառու հավաստել, թե բարելավում են մրցակցությունը։ Ասում են, իբր մեծ ֆիրմաների մասնատմամբ փորձում են մրցակցություն ձեւավորել դրա մասերի միջեւ՝ նպաստ բերելով սոցիալական բարեկեցությանը։ Սակայն վայրկյան անգամ անդրադառնալով դրան՝ կարելի է բացահայտել սույն պնդման սին ու անհիմն բնույթը։ Մեծ բիզնեսի մասնատման արդյունքում գուցեեւ ստեղծվեն հավելյալ ֆիրմաներ, սակայն վերջնարդյունքը պարտադիր չէ, որ ծառայի հանրության շահին եւ անհրաժեշտաբար ստեղծի կամ բարելավի մրցակցությունը։ Հանրային շահն ու մրցակցությունը ինքնաբերաբար չեն բխում ֆիրմաների թվի աճից։ Հակառակը, մրցակցությունը հաճախ կարող է լինել ավելի սուր եւ ավելի մեծ նպաստ բերել հասարակությանը, եթե տվյալ ոլորտում ֆիրմաները սակավաթիվ լինեն։

 

Հանրության տեսանկյունից կարեւոր է ոչ թե այն, թե քանի ֆիրմա կա ասպարեզում, այլ՝ որքան արդյունավետ եւ առաջադեմ կերպով են այդ ֆիրմաները (սակավաթիվ թե մեծաքանակ) օգտագործում սահմանափակ ռեսուրսներն ի շահ եւ ի ծառայություն հանրությանը։

 

Երբ միակ ու խոշոր արտադրողը մասնատվում է, ոլորտը գուցեեւ շահի, սակայն նույնքան հավանական է նաեւ հակառակը։ Սա ոչ ոք չի կարող կանխագուշակել։ Հնարավոր չէ դա անել նաեւ պոստ ֆակտում։ Բիզնեսի մասնատման մասին վստահորեն կարելի է պնդել բացառապես այն, որ կառավարության լծակները մինչ օրս օգտագործվել են սեփականության իրավունքը մերժելու, այլ ոչ թե այն պաշտպանելու համար։ Եթե մենք իսկապես հավատում ենք, որ մասնավոր սեփականությունն ազատ հասարակության ամենաարժեքավոր հաստատությունն է եւ որ դրանում է ազատ հասարակության զորությունը, ապա սխալ կլինի զուտ ենթադրության հիմքով լուծարել այն։

 

Մրցակցությունը բարելավելուն կոչված հակատրեստային մոտեցման շուքը շատ ավելի է նվազում, երբ հասկանում ենք, որ երկրում այժմ գոյություն ունեցող ամենաչարաշահող ու սոցիալապես վտանգավոր մենաշնորհը պետական հատուկ արտոնությունների ուղղակի արգասիք է։ 

 

Պետական միջամտություն

 

Որքան խորը քննենք աշխատանքային օրենսգիրքը, այնքան կհամոզվենք պրոֆեսոր Միզեսի տեսության այն դրույթի հիմնավորվածության մեջ, որի համաձայն՝ շուկայական տնտեսության մեջ չարաշահող մենաշնորհն անհնարին կլինի, եթե պետությունն այս կամ այն կերպով չօժանդակի դրա ստեղծմանը։ Եթե գործատուներին թույլ տրվեր խաղաղորեն համախմբվել՝ դիմագրավելու արհմիութենացման ընթացքին, ինչպես արհմիություններին է թույլ տրված ձեռնարկել հարկադրող ու համաձայնեցված գործողություններ՝ ստիպելու մարդկանց ընդգրկվել արհմիություններում, հավանական է, որ արհմիությունների բանեցրած զուտ շուկայական (ոչ բռնի) ճնշումներն այդքան արդյունավետ չլինեին, որքան դարձել են խոշոր արհմիությունների առավել եւս խոշորացման ու հզորացման պայմաններում։

 

Միեւնույն ժամանակ, սակայն, կառավարությունը գործատուից խլել է թե՛ խաղաղ, թե՛ բռնի միջոցներով արհմիություններին դիմակայելու ամբողջ զորությունը, մինչդեռ արհմիություններին թույլ է տվել պահպանել եւ գործադրել տնտեսական հարկադրանքի ամենաարդյունավետ մեթոդները։ Ուստիեւ՝ ցույցերը, բոյկոտներն ու հարկադրող յունիոնիզմի մյուս՝ ավելի քողարկված ձեւերը հաճախ նույնքան արդյունավետ են անհոժարակամ արհմիութենացում պարտադրելու հարցում (գործատուների կողմից հակակշռող տնտեսական ճնշման բացակայությամբ), որքան անթաքույց ֆիզիկական բռնությունը։

 

Մենաշնորհային յունիոնականությունը մեծապես պարտական է նաեւ պետական ուղղակի օժանդակությանն ու բարեհաճությանը։ Բավական է հիշել գործատու ընկերությունների աջակցությամբ գործող անկախ արհմիությունների վճռական արգելումը, ինչը տիրապետող է արդեն ավելի քան քսան տարի։ Ու թեեւ այդպիսի մանր արհմիությունները գուցե ժամանակ առ ժամանակ լավագույնս ծառայեին հենց աշխատողների շահերին, Աշխատանքային հարաբերությունների պետական հանձնախումբը (National Labor Relations Board) իր գործունեության դեռեւս վաղ շրջանում փաստացի արգելեց բոլոր անկախ արհմիությունները, իսկ վերջին որոշումներով շարունակում է հովանավորել իրեն անդամակցող խոշոր արհմիություններին։

 

Մեծամասնության սկզբունք

 

Այսքանով հանդերձ, սակայն, մենաշնորհային յունիոնիզմին պետության մատուցած ամենանշանակալի նպաստը թերեւս մեծամասնության սկզբունքն է, որը «բանակցային համապատասխան միավոր»-ում ձայների մեծամասնությամբ ընտրված յուրաքանչյուր արհմիության շնորհում է բացառիկ ներկայացուցչի կարգավիճակ տվյալ միավորի բոլոր աշխատողների համար, այդ թվում՝ նաեւ նրանց, ովքեր կա՛մ բոլորովին չեն քվեարկել, կա՛մ բացեիբաց մերժել են տվյալ արհմիությունը՝ որպես բանակցային ներկայացուցիչ։ Մեծամասնության սկզբունքը մենաշնորհային դրույթ է, որը միշտ հակուղղված է գործողությունների անձնական ազատությանը, իսկ աշխատանքային հարաբերություններում՝ հակված մենաշնորհային չարաշահման։ «Բանակցային համապատասխան միավոր» կոչվածի կազմումը հանձնված է Աշխատանքային հարաբերությունների պետական հանձնախմբի՝ ըստ էության անվերահսկելի հայեցողությանը։ Իսկ այդ գործակալությունը բազմիցս պարտավորված է համարել իրեն ձեւել բանակցային միավորներն արհմիութենական ընտրությունների համար առավելագույնս բարենպաստ կերպով։

 

Քաղաքական գործիչներն իսկապես շատ բան կսովորեն «ընտրատարածքային կարուձեւի» (gerrymandering) մասին, եթե ուսումնասիրելու լինեն Աշխատանքային հանձնախմբի կազմած միավորները։

 

Անգամ եթե հնարավոր լինի բացառել ջերիմանդերինգը, մեծամասնության սկզբունքը կշարունակի մնալ մենաշնորհային չարաշահման աղբյուր՝ հիմնված լինելով պետության կողմից շնորհված եւ կենսագործվող մենաշնորհային իրավունքի վրա։ Արհմիությունը կարող է հաստատվել որպես 1000 հոգուց բաղկացած բանակցային միավորի բացառիկ ներկայացուցիչ ընդամենը 301 կողմ ձայների հիմքով, քանի որ այդպիսի միավորում տեղի ունեցած ընտրությունը համարվում է կայացած, երբ քվեարկությանը մասնակցում է 600 աշխատող։ Եւ եթե այդ դեպքում չնչին մեծամասնությունն անգամ ձայն տա հօգուտ արհմիության, մյուս 699-ը ուզած թե չուզած ստիպված կլինեն կրել տվյալ արհմիության թամբը, քանի որ դա է լինելու իրենց բացառիկ եւ լիազոր ներկայացուցիչը բանակցություններում։

 

Մրցակցությամբ ստեղծվող ապահովության երաշխիքները

 

Հասարակությունը վախենալու ոչինչ չունի այն արհմիություններից, որոնք արտոնյալ հարկադրանքի բացակայությամբ բանակցություններ են վարում աշխատանքային պայմանագրերի շուրջ՝ օրինական եւ օգտակար գործ կատարելով իրենց ծառայությունները կամովին ընտրած աշխատողների համար, քանի որ այդ դեպքում նրանք ընդամենը փոխադարձ համաձայնությամբ գործող եւ ծառայություններ մատուցող մեկ այլ միավորում են, որպիսիք ազատ հասարակությունը ծնում է առատորեն։ Ավելին, ազատ հասարակությունը ցույց է տվել, որ իր հիմնարար մեխանիզմը՝ բաց շուկայում ազատ մրցակցությունը, այնքան ամուր է եւ դիմացկուն, որ կարող է ինքն իրեն պաշտպանել իսկապես կամավոր յուրաքանչյուր միավորման չարաշահումից։

 

Դրությունը դառնում է ճգնաժամային, երբ որեւէ անհատ կամ միություն բռնի եւ համաձայնեցված քայլերով ոչնչացնում է հասարակության գլխավոր պաշտպանական մեխանիզմը կամ երբ այդ մեխանիզմը դեն է նետվում պետության կողմից հատուկ արտոնության տրամադրման միջոցով, քանի որ այդ դեպքում, առանց այն հակակշիռների, որոնք ստեղծվում են, երբ ազատ մարդը քաղաքակիրթ պայմաններում մրցակցում է ազատ մարդու հետ, հասարակությունը նույնքան խոցելի է դառնում անազնիվ եւ կոռումպացված անձանց չարաշահումների հանդեպ, որքան ճոխ խանութը՝ մնալով առանց պահակի կամ հակաառեւանգման համակարգի։

 

Այժմ, հասկանալով արհմիութենական մոնոպոլիայի ակունքներն ու բաղադրիչները, պարզորոշ կտեսնենք, որ հակատրեստային օրենքները հարցի լուծման դեղամիջոց չեն կարող լինել, քանի որ խնդրի խորքային աղբյուրն ընկած է պետության այնպիսի ձախողումներում ու սխալներում, որպիսիք ամենահանգամանորեն մտահղացված հակատրեստային օրենքներն անգամ չէին կարողանա շտկել։ Պետության պարզագույն գործը խաղաղության ապահովումն է։ Աշխատանքային հարաբերություններում, սակայն, պետությունը խաղաղություն չի ապահովել։ Թե՛ տեղական, թե՛ նահանգային եւ թե՛ դաշնային կառավարությունները երբեւէ չեն կարողացել ապահովել, որ արհմիութենական հաստավիզներն ու զանգվածային ցույցերի մասնակիցները չսահմանափակեն ոչ արհմիութենական աշխատողների եւ գործատուների գործողությունների ազատությունը բանակցային վեճերում։ Արշավների կազմակերպման գործում նմանատիպ ձախողումը թույլ է տվել հսկայական չափերի հասնել այն արհմիություններին, որոնք այլապես կմնային թզուկ, եթե ներկայացնեին միայն այն աշխատողներին, որոնք ցանկացել են դրանց գոյությունը։ Ակնհայտորեն, հակատրեստային օրենքները նույնաբար ոչինչ չեն անում նաեւ՝ շտկելու համար այն մոնոպոլիստական հետեւանքները, որոնք ծնունդ են առել պետության կողմից մեծ արհմիություններին տրամադրված դրական օժանդակությունից՝ մեծամասնության սկզբունքից եւ փոքր անկախ արհմիություններն օրենքից փաստացի դուրսմղելուց։

 

Ես համոզված եմ, որ խոշորամասշտաբ յունիոնիզմի սոցիալապես վտանգավոր կողմերն առաջ են եկել, ինչպես վերը քննեցինք, պետության սխալների ու բացթողումների հետեւանքով։ Մի կողմից՝ պետությունը հանդուրժում է բռնությունն ու տնտեսական հարկադրանքը, որով խոշոր արհմիությունները ձեռք են բերել իրենց ներկայիս զորությունը, մյուս կողմից՝ նաեւ միջամտում նրանց օգտին։ Ավելին, վերջին քառասուն տարում կառավարական պաշտոնյաները վճռորոշ դեր են կատարել արտադրական կարեւորագույն վեճերում՝ հիմք դնելով այսպես կոչված վարձավճար-արժեք սղաճային ահագնացման ձեւաչափին։

 

Այս վերջին փաստը շատ ավելի կարեւոր է, քան գուցե թվա առաջին հայացքից, որովհետեւ մատնանշում է, որ ազատ ձեռներեցության հակակշիռների մեխանիզմը բավարար է, որպեսզի հանրությանը պաշտպանի նույնիսկ արհեստականորեն կառուցված հարկադիր արհմիութենական մոնոպոլիաներից, որպիսիք այժմ գիտենք։ Ավելին, անհիմն չի լինի հետեւեցնել, որ այդ հակակշիռները շատ ավելի արդյունավետ կգործեն, եթե քաղաքական գործիչները ոչ միայն հեռու մնան բանակցություններից, այլեւ օրենքները բանեցնեն ընդդեմ կազմակերպման հարկադիր ձեւերի։ Այս նկատառումներից բխում է նաեւ, որ արհմիությունների ուժի մասին մտահոգ մարդկանց տրամաբանական առաջին քայլը պիտի լինի պնդել, որպեսզի կառավարությունը վերացնի արհմիություններին այժմ շնորհված հատուկ արտոնությունները, իսկ ապա համբերատար սպասի՝ տեսնելու, թե արդյոք ծրագիրն ինքն իրեն կկարգավորի՝ առանց հետագա պետական միջամտության կարիքն ունենալու։

 

Պետության սահմանափակ դերն ըստ Մարկ Թվեյնի

 

Ես հավատացած եմ, որ նույնպիսի մոտեցում պիտի որդեգրվի նաեւ մենաշնորհային չարաշահման մեջ կասկածվող բիզնեսի նկատմամբ։ Փոխանակ հետեւելու հակատրեստային մոտեցման փորձարարական քաղաքական քմայքներին, լավ կլիներ երաշխավորել, որ գործածությունից հանվեն բոլոր բացառիկ արտոնությունները՝ սակագները, հատուկ իրավունքները եւ շուկայի հասանելիությունն արգելափակող պետական մյուս գործիքները։ Չեղյալ հայտարարելով հարկային այն օրենքները, որոնք մեծ շահույթ ստացողներին անարդարացիորեն թույլ չեն տալիս բավարար կապիտալ կուտակել գոյություն ունեցող ֆիրմաների հետ մրցակցելու համար՝ պետությունը շատ ավելի կօժանդակի մրցակցության խթանմանը, քան հակատրեստային օրենքների հիմամբ ձեռնարկված հետապնդումները։ Կարճ ասած, եթե պետությունը զբաղվի միայն սեփականության ու պայմանագրային իրավունքի պաշտպանությամբ՝ ձեռնպահ մնալով դրանք սահմանափակելուց, արդեն իսկ կատարած կլինի առավելագույնը, ինչ պետությունը պիտի անի ի շահ մրցակցության խթանման։ Եւ մեզ էլ հարկ չի լինի խորապես մտահոգվել առեւտուրը սահմանափակող մենաշնորհներով ու պայմանագրերով, քանի որ, ինչպես ցույց են տալիս Մարկ Թվեյնի կյանքի հուշերը, ուր նա պատմում է տասնիններորդ դարի նավատարության մենաշնորհի օրոք իր կարիերայի մասին, ազատ ձեռներեցության համակարգն ինքնին լիովին ունակ է վերացնելու մրցակցությանը խոչընդոտող բոլոր այն չարաշահող կապանքները, որոնք պետական աջակցություն չունեն։

 

Քաղաքացիական պատերազմին նախորդող տարիներին գրված «Կյանքը Միսիսիպիի վրա» (Life on the Mississippi) գրքում Թվեյնը պատմում է, թե շոգենավերի նավատարները (լոցմանները) ինչպես կազմեցին մի միավորում, որը պիտի դառնար, գրողի դիպուկ ձեւակերպմամբ, «աշխարհի ամենաամփոփ մենաշնորհը»։ Բազում փորձությունների գնով անդամաքանակ ապահովելուց հետո միավորումն ունեցավ իր առաջին խոշոր հաջողությունը՝ շնորհիվ նավատարների պահանջարկի հանկարծակի աճի։ Սեփական անդամներին այն երդմամբ պարտադրում էր չաշխատակցել կողմնակի որեւէ մեկի հետ, ուստի վերջիններս շուտով դժվարությունների բախվեցին աշխատանք գտնելու հարցում։

 

Այս բարդությունները բազմապատկվեցին միավորման նավատարների անվտանգության հաշվետվություններով, որոնք ծնունդ առան միավորման ջանքերով Միսիսիպիի հարափոփոխ հունի շուրջ ստեղծված ու մշակված հնարամիտ մի մեթոդից։ Քանի որ այդ տվյալները շրջանառվում էին բացառապես միավորման անդամների միջեւ, եւ քանի որ չանդամակցողները չունեին նավարկության համեմատելի ուղեցույցներ, վերջիններիս կողմից նավերի կորստի կամ դրանց հասցված վնասների թիվը շուտով դարձավ ակներեւ անհամաչափ։ «Եւ մի սեւ օր»,– գրում է Թվեյնը,– «բոլոր նավապետերին պաշտոնական հրահանգ տրվեց (երաշխավորների կողմից) անհապաղ ազատվել կողմնակի անձնակազմից՝ փոխարենը գործի ընդունելով միության նավատարներին»։

 

Միությունն անմիջապես բազմեց ղեկավար դիրքում, հինգ տարով արգելեց ամեն տեսակի աշակերտություն եւ խիստ վերահսկողություն սահմանեց իր անդամաքանակի վրա։ Մուտք գործելով ապահովագրական բիզնես՝ սկսեց ապահովագրել ոչ միայն անդամների կյանքը, այլեւ շոգենավերի կորուստները։ Միացյալ Նահանգների օրենքով՝ նոր նավատար կարգվելու համար անհրաժեշտ էր արտոնագրված երկու նավատարի ստորագրություն։ «Այժմ, սակայն, չկար միավորումից դուրս մեկը, որ իրավասու լիներ ստորագրելու»,– գրում է Թվեյնը,– «ուստի արդյունքում դադարեց նաեւ նոր նավատարների պատրաստումը»։ Միավորումը սկսեց պարտադրել նոր աշխատավարձեր՝ ընդհուպ մինչեւ հինգ հարյուր դոլար Միսիսիպիի վրա եւ յոթ հարյուր՝ որոշ վտակների։ Բնականաբար, նավապետի աշխատավարձը եւս պիտի աճեր՝ գոնե հասնելու նավատարի աշխատավարձի մակարդակին, եւ շատ շուտով ծախսերի աճն արտացոլվեց գանձվող վճարների աճի մեջ։ Եւ ահա գործի անցան հասարակության հակակշիռները։ Բերենք Թվեյնի եզրահանգումը.

 

«Ինչպես արդեն նշեցի, նավատարների միավորումը դարձել էր աշխարհի երեւի թե ամենաամփոփ մենաշնորհը եւ թվում էր առհասարակ անխորտակելի։ Այնինչ, դրա փառավոր օրերը հաշված էին։ Առաջինը նոր երկաթուղին էր, որն ուղեւորահոսքը սկսեց շեղել շոգենավերից, հետո վրա հասավ պատերազմն ու մի քանի տարում գրեթե գլխովին ոչնչացրեց շոգենավագնացությունը, շատ չանցած՝ «Սենթ Լուիս» միության գանձապահը ձեռքը մտցրեց դրամարկղի խորքն ու մեկնեց հեռու՝ գրպանելով առատ ավարի մինչեւ վերջին ցենտը, եւ վերջապես, երկաթուղու համատարած ներթափանցմամբ՝ շոգենավերին քիչ բան էր մնում բեռնափոխադրումից բացի։ Նույն այդ ժամանակ Ատլանտյանի ափերից մի հանճար առաջարկեց տասնյակի չափ շոգենավերը փոքրիկ եւ այլանդակ բուքսիրային նավի պոչին կապելով տանել-հասցնել Նյու Օռլեան։ Եւ ասես մի ակնթարթում, միավորումն ու նավատարության վեհ արվեստը մնացին խղճուկ անցյալում առհավետ թաղված»։

 

Առակս զի՞նչ ցուցանէ։

 

Պետության գործն ավարտվում է այն պահին, երբ պաշտպանված է դառնում մրցակցային բիզնեսմենի կամ աշխատողի՝ մենաշնորհային խմբերի կողմից չարաշահվող գործառույթները վերստանձնելու իրավունքը։ Իսկ ակնարկի առավել խորքային իմաստն այն է, որ մենաշնորհային չարաշահումները հազվադեպ են գոյատեւում առանց պետության կողմից շնորհված այս կամ այն հատուկ արտոնությունների հիմքի։ Պողպատի, մեքենաշինության եւ այլ ոլորտների կրած երկարատեւ գործադուլներն այդքան չէին ձգձգվի, եթե պետությունն արդյունավետ կերպով պաշտպանած լիներ գործարաններն աշխատեցնելու՝ ընկերությունների իրավունքը եւ գործադուլի ընթացքում աշխատել շարունակելու՝ աշխատողների իրավունքը։

 

Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր