Բըրթոն Ռեսքո (թարգմանությունը “Free Market Economics” գրքից)
Չի՞ եղել երբեւէ, որ արտաբերած կամ ընկերոջից լռելյայն հավանությամբ լսած լինեք այսպիսի մի դատողություն՝ «Գովազդը չլիներ՝ ռադիոն ու հեռուստատեսությունը նորմալ բան կլինեին», կամ՝ «Առաջ կարգին գրող էր, բայց վերջերս գովազդից բացի ուրիշ բան չի գրում», կամ թե՝ «Առեւտուրն ու կրոնը իրար սազական չեն» կամ էլ՝ «Նախագծի միջի գովազդային կողմն է, որին դեմ եմ»։
Եթե այդպես է, երբեւէ գիտակցե՞լ եք, որ այդ եւ նման արտահայտություններից յուրաքանչյուրն ընդամենը անհիմն ու բավականին գռեհիկ սնոբիզմի բարձրաձայնում ու ցուցադրություն են։
Մենք բոլորս, այդ թվում՝ յուրաքանչյուրս առանձին-առանձին ներգրավված ենք առեւտրում, իսկ առեւտուրը ինքներս մեզ եւ ուրիշներին օգնելու ձեւն է։
Բնակարանիս դռան դիմաց ամեն օր կաթով շիշ դնող մարդը, թեպետեւ վարորդների միության անդամ է, նույնպես առեւտուր է անում, իսկ նրա՝ առեւտրի մեջ լինելը ինձ եւ ուրիշներին օգնելու մի ձեւ է։ Ես ապրում եմ քաղաքային բնակարանում, ուստի կով պահել չէի կարողանա նույնիսկ եթե կթել իմանայի։ Եթե անգամ ինձ տրված լիներ բնակարանումս անասուն պահելու հնարավորություն, կովն ավելի շատ կաթ կտար, քան կարող եմ օգտագործել։ Չկթելը լուծում չէր լինի՝ կենդանին կաթից կցամաքեր, եւ իմ բնակարանում ես կունենայի անպետք մի կով, որին կերակրելու եւ հետեւից մաքրելու համար ահագին ծախս անհրաժեշտ կլիներ։ Եթե ծախսը փորձելու լինեի մասամբ ետ բերել՝ ավելցուկը վաճառելով, պիտի ստիպված մուտք գործեի բիզնես, գնեի շշեր, ախտահանող ու պաստերիզացնող նյութեր ու սարքավորումներ, հաճախորդներ հավաքեի, մատյան վարեի, միշտ հրապարակավ ցուցադրեի O.P.A. (գնային վերահսկողության պետական մարմին)-ի կողմից սահմանված կաթի գինը, հայտարարագրեի ու վճարեի եռամսյակային եկամտահարկերը, ձեռք բերեի, ցուցադրեի եւ մշտապես վճարված ունենայի անհրաժեշտ արտոնագրերը, ընդունեի սննդի եւ հիգիենայի վերահսկողության դաշնային, նահանգային եւ քաղաքային մարմինների ստուգայցերը, անհապաղ հայտարարեի աղեստամոքսային բոլոր հիվանդությունների մասին, հսկեի տզերի վարակները, վճարում պահանջեի անբարեխիղճ հաճախորդներից եւ Աստված գիտի ուրիշ ինչ․․․ Եւ այս ամբողջի արդյունքում մեկ կովի տված կաթի ավելցուկն ինձ վրա կնստեր X դոլար՝ վաճառած յուրաքանչյուր 28 ցենտանոց շշի դիմաց։
Ստացվում է, որ իմ կաթնավաճառն ինձ անհամեմատ ավելի շատ հարցերում է օգնում, քան ինքը թերեւս կկարծեր։ Նույն կերպ նա օգնում է նաեւ ուրիշներին։ Կաթի գործարանին օգնելով գործունեություն ծավալել՝ նա նույնիսկ դրանով օգնում է ինձ ըմբոշխնել սիրածս հեռուստատեսային դրամաները։ Յուրաքանչյուր 28 ցենտանոց շշից ստացվող տասնորդական ցենտ շահույթից գոյացած եկամտի հանրագումարով ընկերությունը փորձում է ընդլայնել այն մարդկանց թիվը, որոնց պիտի օգնի այնպես, ինչպես ինձ։
Հաճախորդների թիվն ավելացնելու ձեւերից մեկն էլ գովազդն է, իսկ գովազդելու ձեւերից մեկը հեռուստաընկերություններին օգնելն է մնալ գործի մեջ՝ գնելով եթերային ժամանակ դրամաներ հեռարձակելու նպատակով։ Սակայն չէ՞ որ դրանք նկարահանելու համար պետք է վարձվեն սցենարիստներ, պրոդյուսերներ, օպերատորներ, լուսարարներ, զգեստավորողներ, դիմահարդարներ եւ, վերջապես, դերասաններ։
Ասվածի յուրաքանչյուր կողմը՝ փողի դիմաց իր ուղեղի արտադրանքը վաճառող դրամատուրգի ստեղծարար տաղանդից մինչեւ ստուդիան մաքրող հավաքարարի աշխատանքը, առեւտրային է եւ գովազդային։ Սակայն միակ բանը, որ կրում է «գովազդ» պիտակը, կաթնամթերք արտադրող ընկերության տեսահոլովակն է, որը հեռարձակվում է հեռուստադրամայի սկզբում, կեսին եւ ավարտին՝ հեռուստադիտողների ժամանակից խլելով ոչ ավելին, քան երեք րոպե։
Մինչդեռ այդ երեք րոպեն եւս ընկերությունն ամբողջովին նվիրաբերում է մարդկանց օգնելուն՝ եկամուտ տրամադրելով գովազդի սցենարիստներին, դերասաններին, բեմահարդարներին, օպերատորներին, լուսարարներին եւ շատ ուրիշների։ Եւ այդ բոլորը՝ անհրաժեշտ ու տնտեսականորեն արդարացված «գովազդի» շնորհիվ, որը հնարավոր է դարձնում լավ նկարահանված եւ լավ խաղացված դրամայի ձրի դիտումն իմ սենյակում։
Ամենայն ազնվությամբ, անհնարին է մեծ փող աշխատել առանց մեծ բարիք գործելու։
Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան