(Հատված Ուիլյամ Դ. Նորդհաուսի՝ 2018թ. Նոբելյան մրցանակաբաշխության ելույթից և հոդվածներից)
«Աստված տիեզերքի հետ զառախաղ չի խաղում», – սա էր Ալբերտ Էյնշտեյնի արձագանքը քվանտային մեխանիկային: Սակայն մարդկությունը բնական միջավայրի հետ բազմաթիվ միջամտությունների միջոցով զառախաղ է խաղում. մթնոլորտ ածխաթթու գազ արտանետելով, որը գլոբալ կլիմայի փոփոխության է հանգեցնում, օզոնի շերտը քայքայող քիմիական նյութեր ավելացնելով, հողերի օգտագործման զանգվածային փոփոխություններ առաջացնելով և իրենց կեցության բնական միջավայրում կենդանական ու բուսական շատ տեսակներ ոչնչացնելով, նույնիսկ երբ մենք լաբորատոր պայմաններում անհայտ հատկություններ ունեցող նոր օրգանիզմներ ենք ստեղծում:
Ավելի վաղ դարաշրջանում հասարակությունները սովորել էին իրենց տեղական միջավայրի հողային կամ ջրային ռեսուրսները կառավարել, կամ երբեմն էլ չկարողանալով սովորել՝ լավ չէին կառավարում: Այսօր, քանի որ մարդկանց գործունեությունն ավելի ու ավելի է ազդում գլոբալ գործընթացների վրա, մենք պետք է սովորենք իմաստուն օգտագործել և տնտեսապես պաշտպանել մեր ընդհանուր երկրաֆիզիկական և կենսաբանական ռեսուրսները: Այս միջամտությունները հասկանալու և վերահսկելու խնդիրը գլոբալ մասշտաբով գլոբալ «հարստություն» կառավարելն է: Գլոբալ տաքացումը ժողովուրդների առջև ծառացած ամենավիճարկելի և դժվարագույն հիմնախնդիրներից մեկն է: Կատարված ուսումնասիրության հիմքում դրված է այն փաստը, որ գլոբալ տաքացումը լուրջ, միգուցե նույնիսկ ծանր սոցիալական խնդիր է: Հիմնական հարցն այն է, որ բրածո՝ ածխածնի վրա հիմնված վառելիքի (ածուխը, նավթը, բնական գազը և այլն) այրումը հանգեցնում է ածխաթթու գազի (CO2) արտանետումների: CO2-ի նման գազերը, որոնք կոչվում են ջերմոցային գազեր, կուտակվում են մթնոլորտում և մնում են շատ երկար ժամանակ՝ մոտ 100 տարի:
Ջերմոցային գազերի ավելի բարձր կոնցենտրացիաները հանգեցնում են հողի և օվկիանոսների մակերեսային տաքացման: Երկարաժամկետ հատվածում այն խորքային փոփոխություններ է առաջացնում երկրային շատ համակարգերում, հետևաբար, նաև կլիմայի նկատմամբ զգայուն կենսաբանական և մարդկային գործունեությունում:
2012թ. Կիոտոյի արձանագրության ժամկետը լրանալուց հետո դեռևս գոյություն չունի արտանետումների կրճատման համար ոչ մի պարտավորեցնող համաձայնագիր: Իրականությունն այն է, որ երկրներից շատերը գտնվում են իրենց արտանետումները կրճատելու համար նվազագույն քաղաքականության սովորական բիզնես հետագծի վրա (BAU-business-as-usual)՝ իրենց ազգային շահերից բխող ոչ կոոպերատիվ քաղաքականություն ստանձնելով, որը գլոբալ համագործակցային քաղաքականության բովանդակությունից հեռու է:
Կլիմայի իրական քաղաքականության էությունը հաշվի առնելով` շատ կարևոր է որոշել այն հետագիծը, որով աշխարհը շարժվում է, կամ ինչը սովորական բիզնես հետագիծն է ներառում: Կարդալով Կլիմայի փոփոխության միջկառավարական փորձագետների խմբի վերջին զեկույցները` կլիմայի հետագա փոփոխության և պատճառած վնասների հավանական արդյունք դժվար է որոշել: Կատարված հետազոտությունը փորձում է լրացնել այդ բացը` ամբիցիոզ կլիմայական քաղաքականության բացակայության պայմաններում մանրամասն ուսումնասիրելով հետևանքները: Դա գնահատվել է նոր վերանայված DICE-2016R2 մոդելի միջոցով (DICE-ը նշանակում է Կլիմայի և տնտեսության դինամիկ ինտեգրված մոդել): Գծապատկերի տեսքով տնտեսության և կլիմայի փոփոխության միջև փոխկապվածությունը կունենա հետևյալ տեսքը:
Գլոբալ տաքացման ազդեցության և քաղաքականության կապը
Առաջին արդյունքն այն է, որ ելակետային կամ «առանց քաղաքականության» իրավիճակում վերանայված DICE մոդելը, ի համեմատ DICE-ի ավելի վաղ տարբերակների, ցույց է տալիս արդյունքի արագ աճ: Սա արտացոլվում է նաև ընթացիկ ժամանակահատվածում ածխածնի սոցիալական «արժեքի» (CO2- ի արտանետումների լրացուցիչ տոննայի սոցիալական վնասը` SCC) և ածխածնի օպտիմալ հարկի աճի մեջ: Օրինակ՝ 2013 թ.-ի վերջին տարբերակից ի վեր SCC գնահատականն աճել է շուրջ 50%-ով:
Երկրորդ արդյունքն այն է, որ կլիմայի փոփոխության միջազգային թիրախը` հասանելի տեխնոլոգիաների օգտագործման միջոցով ջերմաստիճանի աճի 2°C սահմանաչափն անհնար է, և դա այդպես է նույնիսկ աղտոտվածության դեմ պայքարի շատ խիստ և անիրական ամբիցիոզ ռազմավարության դեպքում: Դա տեղի է ունենում կլիմայի համակարգի իներցիայի, արագ կանխատեսվող տնտեսական աճի և մոդելի մի քանի տարրերի փոփոխությունների պատճառով:
Ջերմաստիճանի աճի 2,5°C սահմանաչափը տեխնիկապես իրագործելի է, բայց կպահանջի ծայրահեղ և գրեթե համընդհանուր գլոբալ քաղաքականության միջոցառումներ:
Երրորդ կետն այն է, որ կատարված ուսումնասիրությունը կենտրոնանում է այն դեպքի վրա, որը տեղի կունենար առանց արդյունավետ կլիմայական քաղաքականության: Նվազագույն քաղաքականության սցենարների մանրակրկիտ ուսումնասիրությունը կարող է «ընկճող» լինել, բայց դա շատ կարևոր է այնքանով, որքանով համակարգչային տոմոգրաֆիան է անհրաժեշտ քաղցկեղով հիվանդի համար: Ավելին, չնայած այն, ինչ կարելի է անվանել «Ազգերի հռետորաբանություն», ուժեղ քաղաքական միջոցառումներ ձեռնարկելու հարցում շատ քիչ առաջընթաց է գրանցվել: Օրինակ՝ վեց խոշորագույն երկրներից կամ տարածաշրջաններից միայն ԵՄ-ն է իրականացրել կլիմայի ազգային քաղաքականություն, և ԵՄ քաղաքականությունն այսօր շատ համեստ է (2017 թ.-ին ՝ շուրջ 6 դոլար / tCO2): Ավելին, 2017թ. տվյալներով տարբեր երկրներում քաղաքական տնտեսության տեսանկյունից քաղաքական ուժեղ միջոցառումների հեռանկարները կարծես թե ավելի շատ «խամրած» են, քան «լուսավոր»:
Մոդելում ուսումնասիրվել են նաև անորոշության հետևանքները կլիմայի փոփոխության համար: Հաշվի առնելով անորոշությունները` հիմնական երկրաֆիզիկական փոփոխականների մեծ մասի, օրինակ՝ ջերմաստիճանի սպասվող արժեքը հիմնականում մնում է անփոփոխ: Այնուամենայնիվ, ածխածնի սոցիալական արժեքն ավելի բարձր է (մոտ 15%-ով) անորոշության պայմաններում, քան ավելի հավանական ենթադրության դեպքում` կլիմայի փոփոխությունից վնասների վրա անորոշության ազդեցության ասիմետրիայի պատճառով: Նկատի ունեցեք նաև, որ նույնիսկ խիստ «լավատեսական» արդյունքների պայմաններում (այսինքն՝ անորոշ փոփոխականների առավել բարենպաստ իրացումներն ունենալու դեպքում) գլոբալ ջերմաստիճանը էականորեն բարձրանում է, և կան զգալի վնասներ:
Հաշվի առնելով անորոշությունները` քաղաքականության ուժը (չափվում է ածխածնի սոցիալական արժեքով կամ ածխածնի օպտիմալ հարկով) կբարձրանա, այլ ոչ թե կկրճատվի: Այսպիսով, հեղինակը շեշտում է, որ շատ անորոշություններ մնում են: Վերլուծաբանները չգիտեն և դժվար թե շուտով իմանան, թե համաշխարհային տնտեսությունը կամ էներգետիկ տեխնոլոգիաները ինչպես կզարգանան, կամ երկրաֆիզիկական համակարգերի ճշգրիտ արձագանքը տնտեսական զարգացող պայմաններին որն է լինելու, կամ կլիմայի փոփոխությունը տնտեսության, ինչպես նաև ոչ շուկայական և ոչ մարդկային համակարգերի համար որքանով է կործանարար լինելու: Մենք նաև ճշգրիտ չգիտենք, թե մեր տնտեսական և գիտական մոդելներում ինչպես ներկայացնել տարբեր համակարգեր: Բայց մենք պետք է հաշվի առնենք մեր գործողությունների հետևանքները և այն, ինչ հայտնի է: Էությունն այն է, որ այս վերջին գնահատականներն ավելի շատ «վատ», քան «լավ» նորություններ ունեն, և կլիմայի փոփոխությունը դանդաղեցնելու քաղաքականության անհրաժեշտությունն ավելի հրատապ է:
Կլիմայի փոփոխության հարցում գոյություն ունի նաև «The Free Rider» խնդիրը: Այս խնդրի էությունը հետևյալն է: Չնայած տնտեսական առաջընթացին՝ մինչ այժմ դժվար է ստիպել երկրներին միանալ արտանետումների զգալի կրճատման միջազգային համաձայնագրին: Հիմնարար պատճառն այն է, որ ներկայումս կլիմայի միջազգային համաձայնագրերում Free-riding-ի համար ուժեղ խթաններ կան: Free-riding տեղի է ունենում այն ժամանակ, երբ կողմերն օգուտ են ստանում հանրային բարիքից՝ առանց ծախսերում ներդրում կատարելու: Կլիմայի փոփոխության միջազգային քաղաքականության պարագայում երկրներն այլոց արտանետումների կրճատման վրա «հույս դնելու» խթան ունեն՝ առանց երկրի ներսում օդի աղտոտվածության դեմ պայքարի համար համաչափ գործողություններ կիրառելու: Արդյունքում,
- հանրային բարիքների հետ կապված շատ խնդիրների լուծում խոչընդոտվում է «free rider»-ի պատճառով,
- նրանք, ովքեր ոչինչ չեն անում, բարիքներից օգտվում են անվճար, մինչդեռ նրանք, ովքեր ձեռնարկում են ծախսատար «նվազեցումներ», թանկ են վճարում:
- Ի՞նչ անել:
Պատասխանելով վերջին հարցին` հեղինակն առաջարկում է ստեղծել Կլիմայի ակումբ (Climate Club): Ակումբները պայմանագրեր են, որոնք կարող են հաղթահարել «Free-riding»-ը, ունեն հանրային բարիքների տնտեսում, ակումբի անդամները կատարում են «վճարներ», իսկ ոչ անդամները տուգանվում են որոշ սակագների միջոցով:
Այստեղ առաջարկությունը ներառում է ռեժիմ, որն ունի երկու առանձնահատկություն.
– ածխածնի թիրախային գինը, օրինակ, մեկ տոննա CO2-ի համար սահմանել 50 ԱՄՆ դոլար
– ոչ մասնակիցների համար տուգանքի սակագինը, օրինակ, սահմանել 3%:
Հեղինակն առաջարկում է իրականացնել չորս քայլ` հաշվի առնելով ստեղծված ներկա իրավիճակը.
- Մարդիկ պետք է հասկանան գլոբալ տաքացման ծանրությունը: Սա ներառում է ինտենսիվ հետազոտությունների իրականացում և կեղծ ենթադրությունների դիմակայում:
- Ազգերը պետք է բարձրացնեն CO2-ի և այլ ջերմոցային գազերի արտանետումների գինը:
- Քաղաքականությունը պետք է լինի գլոբալ և ոչ միայն ազգային կամ տեղական մակարդակով: Արդյունավետ համակարգման լավագույն լուծումը Կլիմայի Ակումբն է:
- Էներգետիկ ոլորտում արագ տեխնոլոգիական փոփոխություններն խիստ անհրաժեշտ են: