Հատված Ռիչարդ Թեյլերի և Կասս Սանսթեյնի «Nudge» գրքից
Սոցիալական մղումը (nudge) կարող է կիրառվել էներգիայի սպառումը նվազեցնելու նպատակով: Սան Մարկոսում անցկացվեց հետազոտություն 300 տնային տնտեսությունների շրջանում: Յուրաքանչյուր ընտանիքի տեղեկացրին, թե որքան էլեկտրաէներգիա են սպառել նախորդ շաբաթների ընթացքում, ինչպես նաև, թե որքան են էներգիայի սպառման միջին ցուցանիշները տվյալ տարածաշրջանում:
Դա ակնհայտ և զարմանալի կերպով ազդեց մարդկանց վարքագծի վրա: Հաջորդ շաբաթների ընթացքում սպառման բարձր ցուցանիշներով ընտանիքները նկատելիորեն նվազեցրին իրենց սպառումը, իսկ ամենաքիչ էներգիա սպառողները սկսեցին ավելի շատ սպառել: Վերջինները իրենց վրա զգացին բումերանգի էֆեկտը, իսկ դա լուրջ խնդիր է: Եթե դուք ցանկանում եք մարդկանց մղել դրսևորելու ցանկալի սոցիալական վարքագիծ, ապա ոչ մի դեպքում մի ասեք, որ նրանք իրենց ընդունվածից լավ են դրսևորում:
Հետազոտության մյուս հետևությունն ավելի հետաքրքիր է: Ընտանիքների մոտավորապես կեսին տվեցին ոչ միայն զուտ տեղեկություն, այլ նաև փոքրիկ ոչ բանավոր ազդանշան: Նրանք, ովքեր սպառել էին էլեկտրաէներգիան նորմայից շատ, ստացան տխուր «ժպիտիկ» (smiley), իսկ էլեկտրաէներգիան խնայողները` ուրախ:
Առաջինները (էլեկտրաէներգիան նորմայից շատ սպառածները – խմբ․) էներգիայի սպառումը ավելի մեծ չափերով նվազեցրին, քան նրանք, ովքեր տեղեկացել էին դրա մասին առանց «ժպիտիկ»-ի: Իսկ երկրորդների (էլեկտրաէներգիան խնայողների – խմբ․) դեպքում բումերանգի էֆեկտը չաշխատեց:
Երբ տնտեսող ընտանիքներին ուղղակի տեղեկացրին ցածր սպառման մասին (համեմատած միջին ցուցանիշների հետ), նրանք մտածեցին, որ «պահուստ» ունեն այն ավելացնելու համար: Բայց երբ տեղեկության փոխանցման գործընթացը ուղեկցվեց էմոցիոնալ ազդանշանով, ընտանիքները անտեսեցին այդ հնարավորությունը:
Շատ քաղաքական գործիչներ հանդես են գալիս էներգիայի պահպանման օգտին՝ ելնելով ազգային անվտանգության շահերից, տնտեսական աճից և շրջակա միջավայրի պահպանությունից: Այս դեպքում առավել կարևոր է գտնել սոցիալական մղման ճիշտ ձևը: Այն մասին, թե էլ ինչ ընտրություն կարող են անել ինժեներները շրջակա միջավայրի պահպանման համար, մենք կխոսենք ավելի ուշ:
Թարգմանությունը՝ Լիլիթ Նասիբյանի